Հեղինակավոր Wright music management-ը ձայնագրել է Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարումները

Written by on 12th February 2019

Wright music management անգլիական հեղինակավոր երաժշտական գործակալության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ձայնագրել է Չայկովսկու 6-րդ («Պաթետիկ») և Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները, որոնք առանձին ձայնասկավառակներով կթողարկվեն արդեն այս տարվա հունիս ամսին:

Մեր երաժշտասեր հանրության համար այդ սիմֆոնիաները կհնչեն փետրվարի 11-ին և փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգների ընթացքում:

Այսօր երեկոյան կայանալիք համերգին, բացի Չայկովսկու «Պաթետիկ» սիմֆոնիայից կհնչեն նաև Չայկովսկու «Պեցցո» կապրիչոզոն և «Ռոկոկո» թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգի մենակատարն է երիտասարդ, խոստումնալից թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, անդրադառնալով վերոնշյալ ձայնագրություններին, ընդգծեց․ – «Ձայնագրել ենք շատ լուրջ մասնագետների հետ, շատ բարձրակարգ ձայնագրություն է ստացել»:

Ներկայացնելով նվագախմբի առաջիկա ծրագրերը՝ Թոփչյանն ասաց․ – «Շատ-շատ ծրագրեր ունենք: Հաջորդ ծրագիրը Բաբաջանյանի երգերը պետք է կատարենք․ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունն է, բարեգործական համերգ է: Դրանից հետո հետո մենք հրաշալի պրոյեկտ ունենք՝ Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերային երկու կատարում: Համերգային չասեմ, դրանք ներկայացումներ են մեր դահլիճում՝ չտեսնված երգիչների կատարմամբ: Թառլոյան եղբայրները պետք է շորերը անեն, Սուրեն Շահիջանյանը՝ բեմադրությունը»:

Նշելով, որ նվագախումբը միշտ ունի ֆինանսավորման խնդիր՝ գեղարվեստական ղեկավարը հավելեց․ – «Բայց այսօրվա օրով մեզ հովանավորում է «Իմ քայլը» հիմնադրամը, և մենք առնվազն չենք կորցրել այն, ինչ որ ունենք: Եվ դրա համար անչափ շնորհակալ ենք: Մեր սկզբունքների մեջ մտնում է, որ ամենամեծ երաժիշտներն էլ որ Հայաստան գան, չստանան իրենց ընդունված հսկայական հոնորարները, որովհետև, եթե Հայաստանի երաժիշտները վարձատրվում են Հայաստանի պայմաններում, ուրեմն, ես գտնում եմ, որ այդ աստղ սոլիստները նույնպես է պետք է Հայաստանում չգան և մեզնից ուզեն հիսուն հազար դոլար: Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ դա տալիս են: Ես գտնում եմ, որ դա սխալ է»:

Հարցին, թե արդյոք Մշակույթի նախարարության ընդգրկումը Գիտության և կրթության նախարարության կազմում որևէ կերպ կարող է խոչընդոտել իր ղեկավար նվագախմբի գործունեությունը, Էդվարդ Թոփչյանը պատասխանեց․ – «Բոլորովին չի խանգարում մեզ դա: Եվ չեմ կարծում, որ դա որևէ մեկին է խանգարում: Որովհետև մշակութային քաղաքականության խնդիրն է․ եղել է ժամանակ, որ մեզ ընդհանրապես խանգարել են ուղղակի, շատ երկար տարիներ, հետո էլ եղել է ժամանակ, որ չեն խանգարել, և մենք դրանից մեզ լավ ենք զգացել: Կարևորը անվանումը չի․․․ կարևորը, թե ինչ գործունեություն կլինի»:

Անդրադառնալով դասական երաժշտության ոլորտում առկա խնդիրներին՝ նա ասաց․ – «Մեր ոլորտում շատ խնդիրներ կան: Առաջին խնդիրը դա կրթության խնդիրն է: Մենք հիմա շատ ոգևորված ենք, որ ունենք դեռ ինչ-որ բաներ, շուտով չենք ունենա։ Շտապ պետք է 5-6 տարեկան երեխաներից սկսել, որպեսզի 10 տարի հետո կամաց-կամաց էդ փոխարինողները սկսվեն․․․ Ժողովուրդը պետք է հասկանա, որ դասական երաժշտությունից բարձր արվեստ գոյություն չունի, և սիրահարները շատանան»:

Աղբյուր՝ Azatutyun


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background