Արթուր Թարխանյանի արվեստի ցուցասրահի առաջին այցելուները

Written by on 15th October 2019

Արթուր Թարխանյանի արվեստի ցուցասրահ-թանգարանը դեռևս պաշտոնապես չի բացվել։ Նորություններին և անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևե՛ք թանգարանի ֆեյսբուքյան էջին։

Հոկտեմբերի 11-ին Արթուր Թարխանյանի դեռևս պաշտոնապես չբացված արվեստի ցուցասրահ էին այցելել մի խումբ ճարտարապետներ Շվեյցարիայից։ Ժամանած խմբի էքսկուրսավար, մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Ղազարյանը պատմեց, որ Հայաստանում տուրիզմի  նոր տենդենց է ձևավորվել՝ նվիրված ոչ թե քրիստոնեական, միջնադարյան ճարտարապետությանը, այլ սովետական մոդեռնիստական շրջանում ստեղծված շենքերին։

— Հետաքրքրության մեծ ալիքը ստեղծվել է Եվրոպայում և, կարծում եմ, սա նմանատիպ առաջին մեծ խումբն է զբոսաշրջիկների դեպի Հայաստան։ Եկել են միջին և միջինից բարձր տարիքի պրոֆեսիոնալ ճարտարապետներ, դասախոսներ, կոնստրուկտորներ Շվեյցարիայից։ Նրանք նախօրոք հետազոտել էին հայկական մոդեռնիստական կոթողներն ու ընտրել էին այն ամենն, ինչ ցանկանում էին տեսնել։ Իրենց կազմած ցուցակին համապատասխան մենք շրջեցինք վեց օր շարունակ Երևանում, Դիլիջանում և Գյումրիում, – ասաց Արմինեն։

Էքսկուրսավարը կարծում է, որ սովետմիության նկատմամբ կիսանոստալգիկ զգացողություններ կան եվրոպացիների մոտ։ Իրենք եղել են երկաթե վարագույրից այն կողմ և երկար ճանապարհ չեն իմացել, թե ինչ է դա։ Հիմա բաց է և նրանք կարող են գալ, տեսնել սովետի մնացորդները։

— Մենք լավ պատրաստված էինք՝ իմանալով, թե ինչ էինք այցելելու, բայց հրաշալի էր տեսնել այդ ամենը։ Չնայած նախապատրաստվածությանը՝ ես մի փոքր զարմացա Երևան քաղաքի մեծությամբ, և այն, որը մեզ բոլորիս զարմացրեց՝ մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունն է։ Հայերը շատ ազատամիտ են և հետաքրքրված զբոսաշրջիկներով, – նկատեց շվեյցարացի կոնստուկտոր-ինժեներ Ադրիան Չոպը։

Այս էքսկուրսիաների հեղինակը ճարտարապետ Փեթր Սագըսերն է (Peter Sagesser), ով կոմունիստական երկրների ճարտարապետությանը ծանոթացել է դեռևս ուսանողական տարիներին (1988 թ․) Բուդապեշտում։ Նոր ճարտարապետների հետ ծանոթանալուց և խմբեր ձևավորելուց հետո նա վեբ-կայք է բացել, և արդեն 10 տարի է, ինչ նման ճանապարհորդություններ է կազմակերպում դեպի ետսովետական երկրներ (և ոչ միայն)։

— Եղել ենք Խորվաթիայում, Հունգարիայում, Վրաստանում, իսկ Հայաստանը միշտ երազանք է եղել, քանի որ այն ասես Եվրոպայի պատշգամբը լինի դեպի Ասիա։ Հայաստան մի գուցե էլի վերադառնանք, քանի որ շատ բան բաց ենք թողել, իսկ մյուս քաղաքը Գերմանիայի Մանհայնն է լինելու։

Թանգարանի մասին Փեթրն իր հիացմունքը հայտնեց՝ շեշտելով այն, թե ինչպես են ճարտարապետների միջև ցույց տրված բոլոր կապերն ու շինությունները հաջորդ էքսկուրսիաների մտքեր տալիս։ — Սա շատ կարևոր կենտրոն է նաև հայերի համար, որ տեսնեն, թե ինչ լավ շենքեր են ունեցել ու չքանդեն, ինչպես Երիտասարդական պալատը, – հավելեց նա։

Արթուր Թարխանյանի արվեստի ցուցասրահ-թանգարանը դեռևս պաշտոնապես չի բացվել։ Նորություններին և անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևե՛ք թանգարանի ֆեյսբուքյան էջին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST