Երգազրույց | Դետք

Written by on 26th October 2019

Գաղտնիք չէ, Ռադիո Հայի եթերում հնչում են տարբեր ժանրերի ու ոճերի երգեր տարբեր արտիստների ու խմբերի կողմից։ Այս անգամ «Երգազրույցի» հյուրերն են մեր եթերներից անպակաս Դետք բոյ բենդը։ Այն ձևավորվել է 2015 թվականին և ներկայիս կազմում են Արման Պետրոսյանը, Վահան Կիրակոսյանը և Միքայել Մելքումյանը։

Տղաների այցելության առաջին առիթը նոր թողարկված «You & I» սինգլն է, իրենց ակտիվ երաժշտական գործունեությունը։

— Ի՞նչ կպատմեք նոր երգի ու տեսահոլովակի մասին:

Արման – Քանի որ կար Ճապոնիա մեկնելու և Դիանա Աբգարի մասին տեսահոոլվակ նկարահանելու գաղափար, շանսը բաց չթողելով՝ երգ գրեցի, Վահանը բառերը գրեց։ Այնպես ստացվեց, որ ութ օրվա ընթացքում բացի պլանավորած տեսահոլովակից նկարահանեցինք ևս երկուսը, որոնցից մեկը «You and I»-ն է, իսկ մյուսի մասին դեռ չենք հայտարարում։

Վահան — Առավոտը չորսից սկսում էինք նկարահանումները, հետո․․․

Արման — ․․․անպայման բաց չէինք թողնում Ճապոնիայի գիշերային կյանքը։

Վահան — Քանի որ «Դիանան» թեմատիկ էր, զուսպ, այս մեկում փորձեցինք Տոկիոյի գիշերային կյանքն ու երիտասարդներին ցույց տալ։

Արման — Չնայած ոչ մեկի չէինք ճանաչում ու չէինք սպասում, բայց շատերը իրենց իսկ ցանկությամբ նկարահանվեցին տեսահոլովակում։

— «You and I»-ը Ձեր վերջին երգերից ամենապարայինն է, upbeat-ը։ Նորից կլինե՞ն նման երգեր։

Վահան — Հիմա արդեն չկա բանակի կոպիտ ասած՝ բեռը և ավելի ազատ ենք ստեղծագործելու մեջ։

Միքայել — Ինչպես հիմա, այն ժամանակ նույնպես մենք անում էինք այն, ինչ զգում էինք։

Վահան — Նման երգեր էլի լինելու են, նաև հայերենով, ի դեպ գործիքավորումները սկսել ենք ինքներս անել։

— Ե՞րբ տեղի ունեցավ այն մեծ փոփոխությունը, որով բանակային թեմայից անցաք ազատ թեմայի։

Վահան — Չեմ կարծում որ կոնկրետ նման պահ է եղել, որովհետև, երբ ծառայելու ժամանակ եկանք արձակուրդ, նկարահանեցինք «Light my Fire» տեսահոլովակը լիովին այլ թեմատիկայով․ այն միջազգային փոփի տարրերով մեր առաջին երգն էր։

Միքայել — Կարծում եմ, որ էջը փոխելու փոխարեն մենք այն շարունակում ենք։ Երբ ինչ-որ բանի վրա շատ ես աշխատում, խորանում, տեսնում ես, որ կողքից էլի հետաքրքրող ճյուղեր կան։

— Ինչպիսի՞ն է լինել միակ հայկական փոփ բոյ բենդը : Արդյո՞ք դժվար է թիմային աշխատանքը:

Վահան — Շատ բարդ է իրականում, դաշտ չկա, մրցակցություն չկա։ Եթե Հայաստանում կա երեք միլիոն մարդ, և լիներ գոնե երկու խումբ, որոնցից ամեն մեկը կաշխատեր իր կեսի համար, ընտրություն կլիներ։ Մարդիկ այդ ֆորմատին սովոր չեն։

— Դուք երգում եք նաև անգլերենով, փորձում եք Ձեր երաժշտությունը արտահանել միջազգային շուկա և գնացիք Տոկիո։ Ինչպե՞ս ստացվեց։

Վահան — Տոկիո գնալու առաջնային նպատակը հայ երիտասարդությանը Դիանա Աբգարի անունը ճանաչելի դարձնելն էր, որը երբեք չես գտնի դպրոցական կամ համալսարանական դասագրքերում։ Երգը անգլերեն ընտրեցինք, որովհետև ցանկանում ենք աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի հասկանա մեր հաղորդագրությունը։ Աջակցություն ստացանք մշակույթի նախարարությունից, «Փյունիկ» հիմնադրամից, շատ այլ մարդկանցից։ Նախագիծը ոչ կոմերցիոն էր և որևէ շահույթ չէր հետապնդում բացի տեղեկությունը փոխանցելուց։

Դրսի շուկայի վրա փորձում ենք քայլեր անել, ճիշտ է, դժվար է, բայց համացանցի միջոցով հասանելի է դառնում։ Այսօրվա դրությամբ մեր երգերը հասանելի են աշխարհի ավելի քան 50 ստրիմինգային հարթակներում։

— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին: Որո՞նք են գերակշռում: Ո՞ւմ կարծիքն ունի մեծագույն կշիռն ու ազդեցությունը:

Վահան — Մեզ համար առաջնայինը նախ մեր ինքաքննադատությունն է և մեր կողքի մարդկանց, առաջին հերթին Տիգրան Պետրոսյանի, հետո ընտանիքների, մեր ամենամոտ գտնվող մարդկանց, ովքեր, բարեբախտաբար, պրոֆեսիոնալ են։

Մեզ քննադատում են մոտավորապես այսպես․ «Ձեր այս երգի այս հատվածը լավ չեք երգել։ Հիմա երգ կուղարկեմ, այսպես պետք է անեիք», և ուղարկում են Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը։ Ուզում եմ ասել՝ օքե՜յ, շնորհակալություն նման անվան կողքին մեզ դնելը, բայց պետք է դա ավելի ռեալ լինի։ Քննադատությունը պետք է կոնկրետ ու փաստերի վրա հիմնված լինի։ Մենք միշտ ընդունում ենք ամեն ինչ։ Երբ չկա ուղղակի վատաբանելու տողատակ, անպայման կիրառում ենք դիտողությունները։ Ունենք ֆոկուս-խումբ, որին ստեղծած պրոդուկտները առաջինն ենք ցույց տալիս և նրանք ճիշտ դիտողություններ են անում։ Ցավոք, սթափ քննադատությունները շատ քիչ են։

— Ի՞նչն է ոգեշնչում Դետքի տղաներին:

Արման — Շատ շատ բաներ են ոգեշնչում, օրինակ՝ ճանապարհորդությունը, ճանապարհը, ճանապարհից հետ գալը։ Ճապոնիայից վերադառնալուց հետո այնքան երգ ստեղծագործեցինք։ Լողանալու ժամանակ կարող է շամպունի հոտից ոգեշնչվեմ․․․

Մեր «Թիթեռ» երգը գրել է Միքայելը, երբ հյուրանոցում մի քիչ խմեցինք ու հանդիպեցինք գիտե՞ք ում՝ թիթեռին․․․

Միքայել — ․․․խմած ժամանակ դա ուղղակի օդում թռչով ինչ-որ բան էր։

—Սինգլերի հերթով թողարկումը կարծես ալբոմի է տանում։ Արդյո՞ք դրա գալիքը մոտ է։

Հարցազրույցին ներկա էր նաև Դետք խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը (ողջունում ենք), ով բացի լրացումներից, պատասխանեց նաև վերանշյալ հարցին։

Ալբոմ չի սպասվում ոչ այս տարի, ոչ էլ մյուս տարի։ Հաջորդ տարի մենք պլաններ ունենք կապված խմբի 5-ամյակի հետ։ Ալբոմը ինքնանպատակ չէ, խումբը դեռ պետք է զարգանա, էլ ավելի ճանաչվի, իսկ ալբոմը կլինի այն ժամանակ, երբ հասկանանք, որ վաճառքից օգուտ կքաղենք։

Դետքի առաջին ալբոմը կարծես բանակին շնորհակալության նոտա լիներ, քանի որ ծառայության ժամանակ թույլ էին տալիս ժամանակ առ ժամանակ ձայնագրությունների մասնակցել։ Ի դեպ, շատ զորամասերում զինվորները առավոտյան երբեմն վազում են հենց իրենց երգերի տակ։

— Կարո՞ղ ենք փլեյլիստ տալ մարդկանց։ Ձեզանից ամեն մեկը թող մի երգ ասի, որը վերջերս շատ եք լսում։

Վահան — Վերջին երեք-չորս տարիների ընթացքում միշտ լսում եմ Woodkid-ի «I Love You»-ն։ Մեքենայում Լանա Դել Ռեյի վերջին ալբոմն ենք շատ լսում։

Միքայել — Ամսից ավել է, ինչ Լեդի Գագայի «You and I»-ի ջազային տարբերակն եմ լսում։

Արման — Վերջին երեք օրը հայրիկիս երգն եմ լսում, ռոքային (երգն առցանց հասանելի չէ)։

Դետք խումբը մշտապես շատ-շատ պլաններ ունի, Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ելույթ Վանաձոր քաղաքի օրվա համերգին (հոկտեմբերի 26):

Իննսուականների ռիթմիկ փոփ ժանրում երգ՝ գրված Համո Սահյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա (լինելու է տեսահոլովակ)։

Խմբի առաջին դուետը, որի մասնակիցը չի բացահայտվում։

Դետքի 2020 թվականի պլանները նույնպես մասամբ կազմված են, սպասենք հետագա զարգացումներին ու մաղթենք հաջողություններ։

 

Երգազրուցեց՝ Քրիստիան Գինոսյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background