Տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը
Written by Ռադիո Հայ on 26th September 2022
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:
Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են՝ Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։