«Շնչող արվեստը»՝ Փարաջանովի թանգարանում
Written by Ռադիո Հայ on 24th May 2022
Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը: Հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը:
Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:
Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու նրա ստեղծագործական ոգին:
Մուտքն ազատ է: