«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին
Written by Ռադիո Հայ on 21st June 2022
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Այս մասին հայտնել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ Հայաստանից և Արցախից:
Ավելի վաղ համացանցում գրառում էր տարածվել այն մասին, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է Արցախի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը, որի հեղինակը կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Փիթեր Փահլավանյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն կհյուրընկալի կինոարվեստի հանրահայտ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ: