Դինքի սպանությունից 18 տարի անց՝ հիշատակի հավաք Ստամբուլում
Written by Ռադիո Հայ on 20th January 2025
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց տեղի ունեցած հավաքի տեսանյութերով և լուսանկարներով։
Հազարավոր թուրքահայեր և Թուրքիայի այլ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հիշելով Հրանտ Դինքի ողբերգական սպանության 18-րդ տարելիցը։ Նրանց ձեռքերում ծածանվում էին պաստառներ՝ «Հիշողություն», «Կյանք», «Ճշմարտություն» վերտառություններով։
Հավաքի ընթացքում «Ակոս» թերթի խմբագրատան պատուհանից տեղադրված բարձրախոսի միջոցով ներկաները լսել են հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից։
Հիշեցնենք, որ 2007 թվականի այս օրը Հրանտ Դինքը սպանվեց իր աշխատավայրի մուտքի մոտ՝ թուրք ազգայնականի ձեռքով։ Տարիներ անց, այս ողբերգական իրադարձության գլխավոր մեղավորը, ցավոք, գտնվում է ազատության մեջ։