Սերգեյ Փարաջանովի գաղտնի աշխարհը Cinemateca Portuguesa-ում
Written by Ռադիո Հայ on 24th March 2025
Պորտուգալական Սինեմատեկը և Հայաստանի Կինոյի Հիմնադրամը՝ վրացական և ուկրաինական կողմի գործընկերների հետ համատեղ, կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը նվիրված է եղել Վարպետի 100-ամյա հոբելյանին։ Հետահայաց ցուցադրության բացմանը, որն անցկացվել է մարտի 15-ին Սինեմատեկի դահլիճում։ Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված է եղել երկու հայկական ֆիլմ՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյանը», ինչպես նաև հատվածներ ռեժիսորի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոյի Հիմնադրամից։
Մարտի 17-ին տեղի է ունեցել հայկական պատվիրակության այցը պորտուգալական Սինեմատեկի արխիվ։ Այցի ընթացքում Սինեմատեկի տնօրեն Ռուի Մաշադոն և ծրագրերի տնօրեն Նունո Սենան հյուրերին են ներկայացրել ֆիլմերի պահպանման ու վերականգնման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացների տեխնիկական առանձնահատկությունները և օգտագործման հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հեռանկարները, որոնք կենտրոնացած էին երկու երկրների միջև կինոժառանգության պահպանման և զարգացման կարևոր հարցերի շուրջ։ Միաժամանակ, անդրադարձ է եղել կինոժառանգության վերականգնման ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին, ինչը ներառում է ոչ միայն տեխնիկական հարցերի քննարկումը, այլ նաև մասնագիտական սեմինարների կազմակերպումը, որի միջոցով երկու կողմերը կկարողանան իրենց փորձը կիսել և փոխառնել լավագույն պրակտիկաները: