Լոս Անջելեսում ցուցադրվեցին «Շուշի. Ամեն» և «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմերը

Written by on 31st March 2025

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Աիդա Ահարոնյանի «Շուշի. Ամեն» և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու Աշոտ Պողոսյանի «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմերի ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են Հայ-Ամերիկյան տեղեկատվական կենտրոնից։

Միջոցառումը դարձավ խորը հոգևոր ապրումների առիթ, հույսի հիշեցում այն մասին, որ կորցրածը կարելի է վերագտնել, իսկ անցյալն ապագայի կամուրջ կարող է դառնալ։

«Շուշի. Ամեն» ֆիլմը պատմում է մեր պատմական քաղաք-խորհրդանիշի մասին, որը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, հոգևորության և ինքնության կենտրոններից մեկը։ Այսօր Շուշին բռնազավթված է, սակայն նրա ձայնը հնչում է մեր աղոթքներում, խղճի կանչի և արդարության պահանջի մեջ։ Ֆիլմը հայացք է նետում դեպի մեր հիշողությունը՝ այնտեղ, ուր Շուշին ապրում է ոչ թե որպես անցյալ, այլ որպես սպասում, անկոտրում հավատ և վերադարձի ակնկալիք։

«Աղոթք Հայաստանի համար» ֆիլմը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Աշոտ Պողոսյանի ստեղծագործությունը, վերածվում է հոգևոր խոստովանության։ Այն աղոթք է, որտեղ միահյուսված են վիշտը, սպասումը, հույսը և հավատքը։ Այս աղոթքը լսելի է երկնքում, բայց նաև հնչում է հայի հոգու խորքից՝ որպես կոչ՝ մենք իրավունք չունենք հիասթափվելու և պարտավոր ենք վերածնվելու ուժ գտնել մեր մեջ։

Ֆիլմերի ցուցադրությունը վերածվեց վերապրումի ու գիտակցության պահի։ Շուշին բռնազավթված է, բայց նրա հոգևոր ներկայությունը անսասան է։ Նրա պատերը կզգան նորից հայի ոտնաձայները, նրա եկեղեցիներում կվառվեն մոմեր, և նրա զարկերակը կսկսի բաբախել ազատության ռիթմով։ Շուշին կրկին մերն է լինելու։

Այս ֆիլմերը հիշեցում են, որ հավատքը կամրջում է անցյալն ու ապագան, և Աստծո զորությամբ մենք վերագտնելու ենք կորցրածն ու վերածնվելու ենք մեր բնօրրանում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background