Կայացել է Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

Written by on 7th April 2025

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգին տեղի է ունեցել Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունը հայկական շարականների ու ժողովրդական երաժշտության միաձուլում է, որը հուզել է տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Երաժշտության հեղինակ, օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Դաննան ստեղծագործության մեջ օգտագործել է հայ ժողովրդական «Կռունկ» և «Երազ» երգերը, «Ուր ես, մայր իմ» շարականը։

Համերգի ընթացքում հնչել է նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի «Styx» ալտի, խառը երգչախմբի և նվագախմբի համար։ Մենակատար՝ ալտահար Սառա ՄըքԷլրավի։ Ալտահարը նշում է, որ ստեղծագործությունն առասպելական Ստիքս գետի մասին է, որը բաժանում է կյանքը մահից։ Եվ ըստ նրա՝ ալտն այստեղ հանդես է գալիս որպես այս 2 աշխարհների միջև ուղեկից։ «Սա աներևակայելի լիրիկական, հոգևոր և իսկապես տպավորիչ ստեղծագործություն է»,- ասում է Սառա ՄըքԷլրավին։ Նշենք, որ Ալտահար Սառա ՄըքԷլրավին համերգի ընթացքում որպես բիս կատարել է Կոմիտասի «Շողեր ջանը»:

Երեկոյի ընթացքում հնչել է նաև լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը եզակի հնարավորություն է ճանաչելու ու գնահատելու մեր ժամանակների հեղինակավոր կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background