Երաժշտական գարուն՝ BLUE NECTARINE-ից
Written by Ռադիո Հայ on 19th May 2025
2025 թվականի մայիսի 16-ին հայկական ինդի-փոփ խումբ BLUE NECTARINE-ը ներկայացրել է իր նոր երգը՝ «Գարուն»-ը, որը խորը զգայական բովանդակությամբ կարճ ժամանակում գրավել է բազմաթիվ ունկնդիրների սրտերը։ Երգը հասանելի է խմբի պաշտոնական յութուբյան ալիքում։
BLUE NECTARINE խումբը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում, քույրեր՝ Ռոնի Ռեյի և Էվելինի կողմից։ Սկսած առաջին իսկ օրից՝ խմբի անդամներն ամբողջությամբ ստանձնել են ստեղծագործական գործընթացի ղեկը՝ ինքնուրույն աշխատելով իրենց երգերի և ալբոմների վրա։
2022 թվականի հուլիսին խումբը ստորագրել է համագործակցության պայմանագիր՝ Wolf Entertainment ընկերության հետ։ Սա նոր հնարավորություն է տվել ընդլայնելու իրենց երաժշտության տարածման աշխարհագրությունը և հասանելի դարձնելու այն ավելի լայն լսարանի։
Կարիերայի վաղ փուլում խումբը անմիջապես գրավել է երաժշտական ոլորտի մասնագետների ուշադրությունը։ Նրանք միացել են Բոբբի Հելմսի հանրահայտ «Jingle Bell Rock» երգի գլոբալ քարոզարշավին՝ ներկայացնելով երգի հայկական դուետային տարբերակը։ Տոնական և մասամբ մայրենի լեզվով կատարված ստեղծագործությունը ընդգրկվել է Euro Indie Music Charts հարթակում՝ դառնալով խմբի առաջին միջազգային հաջողությունը։
Այսօր BLUE NECTARINE-ը արդեն ձևավորել է իր ուրույն երաժշտական ոճը՝ համադրելով ժամանակակից հնչողությունը՝ հայկական ինքնությանն ու զգացմունքային խորությանը։