SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

Written by on 29th May 2025

Հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։

5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և ղազախ պարուսույցների հետ:

Ընդլայնվել է փառատոնի կրթական ծրագիրը՝ ընդգրկելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Կացուրա Կան` Ճապոնիա, ACTS` Ֆրանսիա) և Գյումրիում (Կաննոն Դանս՝ ՌԴ, Արթուր Գալիմուլին և Տոմիրիս Մետիբաևա՝ Ղազախստան) նախատեսված վարպետաց դասեր և լաբորատորիաներ:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase (հայկական պարադիտում) ծրագրին, որի շրջանակում կցուցադրվեն հայ պարուսույցների և ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ:

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երևանում և Գյումրիում։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը փառատոնի գլխավոր գործընկերն է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background