Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում
Written by Ռադիո Հայ on 10th June 2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։ Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է տեսել տարեկան մեկ համարով, իսկ 2021 թվականից սկսած՝ երկու համարով։ Ամսագիրը բաց հասանելիության է:
Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը միջազգային է. անդամների մոտ 80 տոկոսը արտասահմանյան գիտական հաստատությունների գիտնականներ են։ Ներկայացվող բոլոր հոդվածներն անցնում են կրկնակի կույր գրախոսություն՝ ապահովելով գիտականության բարձր մակարդակ։ Ամսագիրը գրանցված է DOAJ, Crossref և Ebsco համակարգերում: Ամսագրում հրատարակվող նյութերի կեսից ավելին ներկայացված են արտասահմանցի գիտնականների կողմից։ Տարեկան միջինում լույս են տեսնում 12–13 գիտական հոդված և գրախոսություն։
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական, որից 3-ը՝ Armenian Journal of Mathematics (սկսած 2008 թ․-ից), New Armenian Medical Journal (սկսած 2009թ․-ից), Bulletin of Stomatology and Maxillofacial Surgery (2019-2020, 2022-2025 թթ․) վերաբերում են բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտներին, իսկ 4-րդը՝ ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրն է, որը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում 2025 թվականի մարտին և վերաբերում է հումանիտար և հասարակագիտական ոլորտին։