Մշակույթների խաչմերուկում ծնված երգ․ Ալին Դեմիրճյան և Լեոն Գիեկո
Written by Ռադիո Հայ on 11th June 2025
Արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը, ով արդեն հինգ տարի է, ինչ բնակվում է Գյումրիում, միացել է լեգենդար և ճանաչված արվեստագետ Լեոն Գիեկոյին (León Gieco), որին հաճախ անվանում են «արգենտինացի Բոբ Դիլան», արգենտինական և հայկական մշակույթները երաժշտության միջոցով միահյուսելու նպատակով։ Երգը կատարվում է երկու լեզվով՝ հայերեն և իսպաներեն։ Տեսահոլովակը ևս արտացոլում է երկու ժողովուրդների միջև միջմշակութային կապը։
Ստեղծագործությունը երկու հայտնի երգերի միաձուլում է՝ մեկը հայերեն, մյուսը՝ իսպաներեն, որոնցում ծիծեռնակը հանդես է գալիս որպես խորհրդանշական կերպար՝ անձը, ով մշտապես ձգտում է վերադառնալ իր հայրենիք։
Երաժշտական արտադրությունը ղեկավարել է հայտնի արգենտինացի երաժիշտ Լիտո Վիտալեն (Lito Vitale)։ Ձայնագրությունները կատարվել են երկու երկրներում՝ Հայաստանում և Արգենտինայում, մասնակցությամբ անվանի երաժիշտների, այդ թվում՝ արգենտինացի բաս կիթառահար Խավիեր Մալոսետտիի (Javier Malosetti) և հայ փողային գործիքների վարպետ Նորայր Քարտաշյանի։
Երգը թողարկվել է 2025 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակին, և հասանելի է բոլոր թվային հարթակներում։
Ալին Դեմիրճյանը արգենտինահայ երգչուհի, երգահան և պրոդյուսեր է։ Նա ծնվել և մեծացել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, իսկ 2019 թվականից բնակվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Նույն տարում նա Հայաստանում և Արցախում իրականացրել է իր «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծը։ Երաժշտական կարիերայի ընթացքում Ալինը թողարկել է բազմաթիվ ստեղծագործություններ որպես անհատ կատարող, ինչպես նաև համագործակցել է այլ երաժիշտների հետ՝ թե՛ Արգենտինայում, թե՛ Հայաստանում։ Նա ստեղծագործում է հայերեն և իսպաներեն՝ իր երգերի միջոցով արտահայտելով բազմաշերտ ինքնությունը, որը ձևավորվում է տարբեր մշակույթների և փորձառությունների միաձուլմամբ։