|| ՊՐԵՄԻԵՐԱ | Magnet Lips | նոր անուն հայկական ռոքում ||
Written by Ռադիո Հայ on 18th June 2025
Բրիտանական ռոքի ազդեցությամբ նոր հայկական նախագիծը՝ Magnet Lips-ը, այսօր ներկայացրել է իր առաջին սինգլը և տեսահոլովակը՝ «Վարագույրը»։ Երգը ծնվել է ստեղծագործող Վան Սարգիսյանի անձնական տրավմայից և ուղերձ է բոլոր այն արտիստներին, որոնք դեռ կանգնած են «վարագույրի հետևում»։
Վանը՝ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է։ Նա սովորել է կոմպոզիցիա և դասական կիթառ։ Ավելի քան 12 տարի ապրել է Բեռլինում և Լոնդոնում, իսկ 2020-ին վերադարձել Երևան՝ հիմնադրելով Ponx Recording Studios։ Magnet Lips-ը դարձավ այդ վերադարձի երաժշտական մարմնավորումը՝ ռոքի, էլեկտրոնիկայի և հայերենի արդի խառնուրդով։
«Երգը ծնվեց հոգեբանի մոտ։ Ես դեռ վախենում էի բեմ բարձրանալուց ու նրան նվիրեցի այս երգը՝ կարողանալու համար բաց թողնել իմ ներսում փակված ստեղծագործությունները։ Բայց հետո այն դարձավ ուղերձ բոլոր արտիստներին, որոնք մնում են ստվերում», — պատմում է Վանը։
«Վարագույրում» միահյուսվում են ռոքի պարզությունը (հիշեցնելով The Rolling Stones-ին ու Måneskin-ին), հայերեն լեզվախաղը և գայթակղիչ հիփ-հոփ ռիթմերը։ Տեսահոլովակը, որը նկարահանվել է Ponx Studios-ում, ներկայացնում է բեմի հետևում կանգնած մի արտիստի պատմություն, որը չի համարձակվում դուրս գալ բեմ՝ մինչ հանդիսատեսը սկսում է պարել իր երգի տակ։