Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում
Written by Ռադիո Հայ on 23rd June 2025
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:
8-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։