Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Written by on 14th July 2025

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր, կինոգործիչներ։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։

«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:

Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20 -ը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background