«Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը. իրական արվեստը ժամանակից վեր է

Written by on 24th July 2025

Կինոռեժիսոր, վավերագրող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի հոբելյանական տարվա շրջանակում կայացավ «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այս գիրքը համադրում է տարիների ընթացքում տարբեր հեղինակների կողմից արված հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ, միջազգային կինոգետների դիտարկումներ, ինչպես նաև վավերագրական լուսանկարներ՝ ամբողջական պատկերացում տալով Հարություն Խաչատրյանի ստեղծագործական ուղու մասին։ Գրքի հեղինակն ու նախաձեռնողը՝ Արայիկ Մանուկյանը, ավելի քան մեկ տարի սիրով ու նվիրվածությամբ աշխատել է այս նախագծի վրա՝ թարգմանելով, ուսումնասիրելով ու համադրելով բազմաթիվ նյութեր: Գիրք-ալբոմը ձևավորվել է ժամանակակից մոտեցմամբ՝ ներառելով նաև կրիչ, որում տեղ են գտել Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից վերականգնված ֆիլմերը՝ ընդգծելով ժառանգության պահպանման և նոր սերունդներին փոխանցման կարևորությունը:

Գրքի հեղինակ Արայիկ Մանուկյանի տեղեկացրել է, որ աշնանը սպասվում է ամենամեծ իրադարձություններից մեկը. հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Հարություն Խաչատրյանի 11 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները», ««Հարություն Խաչատրյան 70» հարգանքի տուրք» կցուցադրվեն Փարիզի Պոմպիդու կենտրոնում:

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նոր ուղղություն են տվել հայկական վավերագրական կինոյին՝ կենտրոնում պահելով մարդուն՝ նրա անցյալով, հիշողություններով և պատմության հետ բախումով։ Ռեժիսորի պոետիկ կինոեղանակը վաղուց արժանացել է միջազգային հարթակների բարձր գնահատականին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background