Լյուբա Կիրակոսյանի գաղափարական տիեզերքը՝ ճարտարապետության խաչմերուկում

Written by on 24th October 2025

Զրուցել ենք ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանի հետ։ Նախ միայն համառոտ կներկայացնենք նրան, իսկ մնացածը կպատմի հարցազրույցը։

Լյուբա Կիրակոսյանը հեղինակ է 120-ից ավելի գիտական հոդվածների և երեք գրքերի (համահեղինակությամբ)։ Վերջին գիրքը՝ «ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ․ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (կոլեկտիվ մենագրություն, 2025 թ.)։

Մասնակցել է Շամիրամի, Գավառի, Արցախի և Դվինի հնագիտական արշավախմբերին՝ որպես ճարտարապետ։

Նրա գիտական հետաքրքրություններն ընդգրկում են՝ ճարտարապետություն, քաղաքաշինություն, ժառանգության պահպանություն, հնագիտություն և մշակութաբանություն։

Մանկավարժական գործունեություն է ծավալում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և Երևանի պետական համալսարանում՝ դասավանդելով Համաշխարհային և հայկական ճարտարապետության տեսություն և պատմություն, Ծավալատարածական հորինվածք, Նախագծման հիմունքներ, ինչպես նաև ղեկավարում ատենախոսություններ, մագիստրոսական և բակալավրի ավարտական աշխատանքներ։

Պարգևատրվել է՝  «Արթուր Թարխանյան» ոսկե մեդալով, «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով, ՃՇՀԱՀ շնորհակալագրով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ Քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակով։

Լյուբա Կիրակոսյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես է հայկական ճարտարապետությունը ձևավորում մեր մշակութային ինքնությունը, ինչ մարտահրավերներ ու հաջողություններ կան ժառանգության պահպանության գործում, և ինչ արժեքներ պետք է պահպանվեն ապագայի համար։

Հարցազրուցավար՝ Կալիպսե Ղանդիլյան

Ձեր գործունեության ընթացքում Դուք երկար տարիներ եք ուսումնասիրել Արցախի հնագիտական և ճարտարապետական հուշարձանները։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորել այդ տարածքում։

Երբեք կարևորի և անկարևորի բաժանում չեմ արել, որովհետև բոլոր հուշարձաններն էլ, բոլոր ծրագրերն էլ, որոնց մասնակցել եմ, ինձ համար նշանակալի են։ Սկսած 2003 թվականից, երբ առաջին անգամ մասնակցեցի Քարվաճառի տարածաշրջանի Հանդաբերդի վանքի ուսումնասիրությանը, որտեղ իրականացվեցին պեղումներ, իսկ ճարտարապետական մասը ես էի ներկայացնում։ Հետագայում այդ ուսումնասիրության արդյունքներով հանդես եկանք երկով՝ հնագետներ Համլետ Պետրոսյանի և Վարդգես Սաֆարյանի հետ միասին։

Այնուհետև սկսվեց Արցախի Տիգրանակերտի լայնածավալ ուսումնասիրությունը, որը տևեց մոտ 16 տարի։ Այդ ընթացքում բացահայտվեց ամբողջ քաղաքը՝ իր և՛ հելլենիստական, և՛ վաղ միջնադարյան շերտերով։ Շատ նորահայտ հուշարձաններ ունեցանք այդ տարիներին՝ բացվեցին եկեղեցիներ, ամրաշինական ամբողջ համակարգը բացվեց։ Դա իսկապես շատ կարևոր հայտնագործություն էր՝ ինչպես հելլենիստական քաղաքաշինության, այնպես էլ ընդհանրապես հայագիտության և ճարտարապետության տեսանկյունից։

Քաղաքը բավականին լավ պահպանված էր՝ թեև ավերակված, բայց համենայնդեպս անաղարտ վիճակում էին պահպանվել պարիսպները, աշտարակները, միջնաբերդերը, շինությունները։ Շինարարական եղանակը շատ հստակ էր երևում։ Այդ ամենը միաժամանակ և՛ մեծ հայտնագործություն էր, և՛ արժեքավոր ներդրում մեր պատմամշակութային ժառանգության ճանաչման գործում։

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արցախի ճարտարապետությունը, որոնք այն տարբերակում են Հայաստանի մյուս տարածաշրջաններից։

Արցախի ճարտարապետությունը հայկական ճարտարապետության ինքնուրույն տարածաշրջանային դրսևորում է։ Միշտ հետևելով ընդհանուր հայկական ճարտարապետական ոճին՝ այն ունեցել է իր տարածքային առանձնահատկությունները, ինչի շնորհիվ դասականորեն առանձնացվում է որպես Արցախի ճարտարապետական դպրոց։

Հայ ճարտարապետության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ անդրադարձել են Արցախի ճարտարապետությանը։ Իմ ուսուցիչը՝ Մուրադ Հասրաթյանը, օրինակ, իր դոկտորական ատենախոսությունն է պաշտպանել հենց Արցախի ճարտարապետական դպրոցի վերաբերյալ։

Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկությունն է հորինվածքային առումով՝ օրինակ, սրահավոր դահլիճ տիպի եկեղեցիների կիրառումը, որոնք բավականին մեծ տարածում ունեն։ Զարգացած միջնադարում, երբ կենտրոնական Հայաստանում գերակշռում էին կենտրոնաձիգ հորինվածքները, Արցախում առավելապես տարածված էր հենց սրահավոր տիպը։

Դպրոցն առանձնանում է նաև իր շինարարական նյութով։ Օրինակ՝ լայնորեն օգտագործվում է կրաքարը։ Ի դեպ, ամբողջ Տիգրանակերտն էլ կառուցված է կրաքարով՝ հում աղյուսի համադրությամբ։

Արցախի ճարտարապետական դպրոցի մի այլ առանձնահատկություն է նաև խաչքարային մշակույթի լայն տարածումը։

 

Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնց բախվում է մեր պատմաճարտարապետական ժառանգության պահպանությունը և վերականգնումը։

Հայկական ճարտարապետական ժառանգությունը հայ ժողովրդի ճակատագիրն է կրկնում․ այն նույնպես գոյապահպանության խնդիր ունի։ Հայը, շարունակ իր բնօրրանից տեղահանվելով և նոր վայրերում հաստատվելով, մշտապես ստեղծել է մշակույթ, կերտել ճարտարապետություն։ Այդ իսկ պատճառով հայկական ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը սփռված են ամբողջ աշխարհով մեկ։

Այսօր ունենք նաև հայկական ճարտարապետական ժառանգություն սփյուռքում։ Դա նույնպես խնդրահարույց է, քանի որ ժառանգության պահպանությունը հաճախ չի կարող երաշխավորվել։ Երբեմն հուշարձանները ոչնչացվում են նույնիսկ մեր սեփական երկրի տարածքում, ուր մնաց՝ օտար հողում սրտացավ վերաբերմունք մեզ թույլ տանք ակնկալել։

Ցավոք, ունենք նաև թարմ ու մտահոգիչ օրինակ՝ հայկական Արցախն այսօր գտնվում է Ադրբեջանի իրավասության ներքո, և նրա պատմաճարտարապետական ժառանգությունը լուրջ վտանգի տակ է։

Արցախյան առաջին պատերազմից հետո անցած գրեթե 30 տարիները մի տեսակ պարգև էին՝ հնարավորություն, որ այդ ժամանակահատվածում կարողանայինք գոնե մոտենալ մեր հուշարձաններին։ Այդ շրջանն առիթ հանդիսացավ, օրինակ, Տիգրանակերտի հայտնաբերման և ուսումնասիրության համար։

Եթե հնարավորություն ունենաք վերականգնելու որևէ կորած հուշարձան Հայաստանում կամ Արցախում՝ ո՞րը կընտրեք և ինչու՞։

Գիտեք, այդպես կոնկրետ դժվար է ասել՝ հենց այս հուշարձանն է պետք վերականգնել։ Ես նույնիսկ ամբողջական վերականգնումից ավելի՝ կցանկանայի, որ մարդկանց հոգեբանության մեջ մշակվեին ավանդական արժեքները, իրենց ինքնատիպությունը, իրենց առանձնահատկությունը պահելու սովորությունը։ Այս գլոբալացման տենդի պայմաններում այն էթնոսները, ովքեր կկարողանան առանձնանալ՝ իրենց մշակույթն ու ավանդույթները պահպանելով, միտված կլինեն գոյատևման։ Մենք հաճախ սիրում ենք ասել՝ «Վայ, մենք հնամենի ժողովուրդ ենք, հազարամյակների պատմություն ունեցող ճարտարապետական ու մշակութային ժառանգություն ունենք», բայց այդպիսի բարձրագոչ խոսքերով դեռևս ոչնչի չենք հասնում։ Մենք նախ պետք է սովորենք ամեն մի մանրուք, ամեն մի կտոր մեր ժառանգությունից դիտարկել որպես սրբազան մասունք։ Քիչ թե շատ քաղաքակիրթ երկրներում մարդիկ իրենց ունեցած մի փոքրիկ սրբազան քարն անգամ սրբատեղի են դարձնում, նյութականացնում են, իրենց կենսընթացի մասն են դարձնում, PR են անում, և պահպանելով ժառանգությունը նրանք դրանից օգուտներ են քաղում։ Այնպես որ, ժառանգության լավագույն պահպանման ձևը միայն թանգարանացումը չէ․ արժեքը զգալն է, սիրելը, չվնասելը և այն կյանքիդ մի մասնիկը դարձնելը։

Ո՞րն է ճարտարապետի ամենակարևոր առաքելությունը։

Շատ պատասխանատու մասնագիտություն է ճարտարապետությունը։ Իմ կարծիքով պատասխանատվությունը՝ քո արած գործի նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը իր հերթին, կրթվածությունը, բարոյականությունը՝ առաջնահերթ են ճարտարապետի համար։ Մեր օրերում ճարտարապետի համար կարևոր է ունենալ նաև քաղաքացիական դիրքորոշում․ ճարտարապետը պատասխանատու է ոչ միայն իր անձի, այլ նաև հանրության, հասարակության, երկրի առջև, որովհետև ճարտարապետությունը երկրաստեղծ, պետականաստեղծ մասնագիտություն է։ Ասել է թե՝ պատահական չէ, որ հնուց, օրինակ, կայսրերն ու թագավորները ճարտարապետությունն օգտագործում էին որպես գործիք՝ իրենց գաղափարախոսությունն ու իշխանությունը խորհրդանշելու և ցուցադրելու համար։

 

Ո՞ր աշխատանքը կամ նախագիծն եք համարում Ձեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը։

Իմ մասնագիտական ուղին սկսել եմ դեռ ուսանողական տարիներից, երբ որպես ճարտարապետ նախագծող աշխատում էի մեր երջանկահիշատակ Մարտին Միքայելյանի հետ։ Մենք համագործակցեցինք մի շարք նախագծերում, այդ թվում նաև Պարույրավանում, որտեղ նախագծեցինք մի քանի բնակելի մենատներ, առանձնատներ։ Այդ տարիներին հիմնադրվեց այդ ավանը, և մենք ևս մեր մասնագիտությամբ մեծ ներդրում ունեցանք այդտեղ։

Հետո այնպես ստացվեց, որ վերականգնման պրակտիկայում ավելի շատ ներգրավվեցի՝ հուշարձանների պահպանության և գիտական հետազոտությունների, ճարտարապետության տեսության և պատմության հարցերով զբաղվեցի: Այն ուղղությունը, որին հավատարիմ մնացի, և որի կատարումը համարեցի իմ առաքելությունն ու պարտականությունը, դա ճարտարապետական ժառանգության անկողմնակալ վավերացումն է, որ ներկայացրել եմ գրքերի, հոդվածների միջոցով: Արդեն ունեմ հրատարակած մոտ 150 հոդվածներ, շուտով արդեն 3 գրքեր․ հիմա պատրաստվում եմ արդեն Արցախի Տիգրանակերտի ճարտարապետության մասին գիրքը հրատարակել:

20 տարիների ընթացքում ես ամեն ամառ Արցախում եմ գտնվել՝ մինչև 2020 թվականը՝ պատերազմի նախասկիզբը: Զբաղվել եմ այնտեղի հուշարձաններով, բայց մինչ այդ էլ Հայաստանի տարբեր վայրերում և՛ հնագիտական, և՛ ճարտարապետական հուշարձաններ չափագրել եմ, վերակազմություններ եմ կատարել, հանրահռչակել եմ, փորձել եմ այդ ժառանգությունը մեզանից դուրս բերել, դրա կարևորությունը ներկայացնել: Հիմա Արցախի հուշարձաններով շատ մտահոգված եմ և անընդհատ փորձում եմ ոչ մի առիթ բաց չթողնել, առավել ևս միջազգային ատյաններում խոսել այդ մասին, ներկայացնել այդ հուշարձանները, հանրահռչակել դրանք:

 

 

Գիտեք, դա միայն այսպես օրենքներով, կարգախոսներով, պետական ու ոչ պետական որոշումներով կամ դեկլարացիաներով չէ: Երբեմն նույնիսկ միջազգային մշակութապաշտպան կազմակերպությունները սխալվում են: Եթե ես շրջում եմ ու միջազգայնացնում եմ այս խնդիրը՝ ավելի այսպես ասած գիտական շրջանակներում, մի քիչ ավելի հասարակ, ոչ պաշտոնյա մարդկանց շրջանակներում, դա էլ շատ բան կարող է փոխել: Շատ տեղերում մարդիկ վերևից իջեցրած, նրանց հրամցրած ինֆորմացիայով ու լրատվությամբ են առաջնորդվում, շատ բաներից տեղյակ չեն: Երբ որ գնում եմ գիտաժողով ու զեկույց եմ կարդում Վենետիկում կամ Փարիզում, մարդիկ նույնիսկ զարմացած նայում ու ասում են՝ «Բայց չէ՞ որ մենք այս մասին ուրիշ մի բան գիտեինք», այնպես ինչպես ասենք ներկայացրել են:

Եվ կարծում եմ, որ այս իրավիճակում իմ առաքելությունն է հակադարձելը և իրականությունը ներկայացնելը: Ես գտնում եմ, որ ազնիվ եմ գտնվել իմ գործունեության մեջ:

 

Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում հայկական ճարտարապետության մեջ։

Հայկական ճարտարապետությունը գողտրիկ ճարտարապետություն է, մենք չունենք այն ահռելի, մասշտաբային կառույցները, որոնք իրենց չափի, իրենց մասշտաբայնության իմաստով տպավորություն են ստեղծում․ չունենք, որովհետև մեր կյանքն էլ այդպիսին չի եղել, մենք մեծ մասշտաբների ժողովուրդ չենք, մենք միշտ ունեցել ենք խնդիրներ, բարդ իրավիճակներ, որոնք այնքան էլ նպաստավոր չեն եղել ճարտարապետության համար։ Հայկական ճարտարապետության մեջ հենց այդ բնական մասշտաբի՝ մարդ, բնություն և ճարտարապետություն միասնականությունն է, շատ է միասնական։ Հայկական ճարտարապետությունը բնական մասշտաբի ճարտարապետություն է, այն ճնշում չի գործադրում մարդու վրա, այն հրավիրում է դեպի իրեն, և դրա հետ միասին շատ համեստ է, պերճաշուք չէ, ցուցադրական չէ, պարզապես բնական է։ Մեր շրջակա աշխարհը՝ բնությունը, մարդկայինը, ձեռակերտն ու անձեռակերտը, մշակութայինն ու ոչ մշակութայինը՝ բոլոր այս տարրերը միասնական են, և եթե ճարտարապետը ստեղծած միջավայրում կարողացել է ապահովել այն, որ մարդը իրեն բնական ու հարմարավետ զգա, ապա նա իր խնդիրը լուծել է։

Եթե հայ ճարտարապետությունը մեկ բառով բնութագրեիք՝ ո՞րը կլիներ այդ բառը։

Ներդաշնակություն․․․  նյութի, մասշտաբի, լանդշաֆտի հարմոնիա։

 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background