«Սիրո ԴՆԹ». Նանա Արամյանի կենդանի արվեստը
Written by Ռադիո Հայ on 22nd January 2026
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է հունվարի 23-ին՝ ժամը 18:00-ին, Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացմանը:
Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսը փոխհարաբերության մասին է՝ որպես անտեսանելի, սակայն հզոր կառուցվածք, որը միավորում է երկու անհատների՝ անկախ հեռավորությունից կամ տեսանելիությունից։
Ցուցահանդեսի կենտրոնում է մոնումենտալ եռապատկերը՝ «Սիրո ԴՆԹ», արվեստագետի երկրորդ հավակնոտ մեծամասշտաբ աշխատանքը, որտեղ երկու կերպարներ ապրում են տարբեր աշխարհներում, սակայն կապված են փխրուն, մեծ ջանք պահանջող սիրո դաշտով։
Ցուցահանդեսի մեկնակետը «Գիշերային շղարշ» ստեղծագործությունն է՝ կյանքի, ժամանակի և ներքին վերափոխման մասին մտորումներով, որից հետո ուշադրությունը տեղափոխվում է սիրո և տղամարդու ու կնոջ փոխհարաբերության թեմային։ Զույգերին պատկերող աշխատանքները, Դիմակահանդես շարքը և մեծամասշտաբ թվային «Կիբերպանկ Վեներա»-ն՝ սիրո գաղափարը թվային դարաշրջանում, ստեղծում են միասնական պատմություն։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև ամբողջովին նոր գործեր, ստեղծված հատուկ այս նախագծի համար, որոնք անսպասելիորեն կզարմացնեն անգամ արվեստագետի ստեղծագործությանը ծանոթ հանդիսատեսին։