Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Written by Ռադիո Հայ on 22nd April 2025
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։
Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։