Հաղթանակի 80-ամյակին նվիրված անկյուն՝ բացառիկ վավերագրերով
Written by Ռադիո Հայ on 25th December 2025
Հայաստանի ազգային արխիվում այս օրերին գործող «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Ազգային արխիվում պահպանվող ինչպես պաշտոնական, այնպես էլ անձնական ծագման մի շարք փաստաթղթերի, լրատվական և քարոզչական նյութերի, լուսանկարների, պաստառների և այլն։ Հայտնում են Հայաստանի ազգային արխիվից։
Հաղթանակի 80-ամյակին նվիրված անկյունում, ի թիվս այլ վավերագրերի, ցուցադրված են Թամանյան դիվիզայի հերոսների լուսանկարները, Մարտիրոս Սարյանի նամակը մարշալ Հովհաննես Բաղրամյանին, Արմտագ լրատվական գործակալության (ներկայում՝ Արմենպրես) պատրաստած պատերազմական թեմատիկայով տեղեկատվական պաստառներ, ՀԽՍՀ թիկունքի աշխատանքների և ռազմական արդյունաբերության վերաբերյալ փաստաթղթեր։