Կկայանա 5-րդ հոբելյանական «ԿարդաLove» փառատոնը՝ նոր ձևաչափով
Written by Ռադիո Հայ on 20th January 2026
Փետրվարի 14-15-ին Երևանում կկայանա 5-րդ հոբելյանական «ԿարդաLove» փառատոնը, որը այս տարի կներկայանա նոր և ընդլայնված ձևաչափով։ Փառատոնը կմիավորի գիրքը, կրթությունն ու մշակույթը՝ առաջարկելով բազմաբովանդակ ծրագիր տարբեր տարիքային խմբերի համար։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն ժամանակակից կրթական լուծումներ և առաջարկներ 0-ից մինչև 100 տարեկանների համար։ Ցուցահանդեսին կմասնակցեն մանկապարտեզներ և զարգացման կենտրոններ, դպրոցներ, քոլեջներ և համալսարաններ, ինչպես նաև թրեյնինգ կենտրոններ, լեզվի ուսուցման դպրոցներ և մասնագիտական վերապատրաստման կենտրոններ։ Կրթական ցուցահանդեսում տաղավարային մասնակցության համար գործում է նախնական գրանցում։
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև ավանդական գրքերի ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Հայաստանի բոլոր հրատարակչությունների գրքերը մինչև 50 տոկոս զեղչով։ Ծրագրում ընդգրկված են բեսթսելլեր գրքերի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ և քննարկումներ, ինչպես նաև գրական և ինտելեկտուալ խաղեր ու մրցույթներ։
Բացի այդ, փառատոնի ընթացքում նախատեսված են մի շարք գրական, կրթական և մշակութային միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպիչների կողմից պատրաստված անակնկալներ այցելուների համար։
Փառատոնը կանցկացվի փետրվարի 14-ին և 15-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում՝ առաջին և երկրորդ հարկերում։ Միջոցառումների ծրագրին և մասնակից կրթական հաստատություններին ծանոթանալու համար հնարավոր է հետևել «ԿարդաLove» նախաձեռնության պաշտոնական էջին։