Հայաստանը՝ Berlin International Film Festival-ում
Written by Ռադիո Հայ on 17th February 2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցում է փետրվարի 12-ին մեկնարկած Բեռլինի միջազգային կինոփառատոնի (Բեռլինալե) Եվրոպական կինոշուկային (EFM)՝ առանձին տաղավարով՝ ներկայացնելով Հայաստանը որպես համարտադրության, ներդրումների և ստեղծագործական համագործակցության համար գրավիչ հարթակ։
Հայաստանի կինոյի հիմնադրամը միջազգային գործընկերներին ներկայացնում է պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, Հայաստանում գործարկված Cash Rebate ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի արտադրական և ինստիտուցիոնալ ներուժը։
Հայկական տաղավարը գործում է ոչ միայն որպես ներկայացուցչական հարթակ, այլև որպես ակտիվ աշխատանքային միջավայր՝ ապահովելով հայ արտադրողների և միջազգային գործընկերների միջև նպատակային հանդիպումներ։ Այս տարի EFM-ին Հայաստանից մասնակցում է 10 ընկերություն՝ 18 մասնագետների ներգրավմամբ, ինչը վկայում է ոլորտի աճող ակտիվության և միջազգային համագործակցության ընդլայնման մասին։
Տաղավարում արդեն կայացել են մի շարք աշխատանքային հանդիպումներ՝ ուղղված հայկական նախագծերի միջազգային առաջխաղացմանը, համարտադրական գործընկերությունների ձևավորմանը և ներդրումային հնարավորությունների քննարկմանը։