Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում
Written by Ռադիո Հայ on 25th February 2026
Այսօր Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը:
Առաջնախաղին ընդառաջ՝ երեկ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը և պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ Սիմոն Աբգարյանը։
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի նշմամբ՝ Սիմոն Աբգարյանի հետ հանդիպումը երկար սպասված էր: Առաջին անգամ Սիմոն Աբգարյանին հանդիպել է 2021 թվականին, երբ Մոսկվայում մասնակցում էին Ա․ Պ․ Չեխովի անվան թատերական փառատոնին, սակայն մեծ արվեստագետի հետ ծանոթությունը կայացել է ավել ուշ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի մասնակցությամբ. այդ հանդիպմամբ՝ հիմք է դրվել ստեղծագործական համագործակցության։
Պիեսի Հեղինակ Սիմոն Աբգարյանն անդրադարձել է հայաստանյան թատրոների հետ իր համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին։
Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, որը քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, հավատարիմ է իր ընտանիքին, սեփական արմատներին։ Ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։