Մեղրիում անցկացվել է «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը
Written by Ռադիո Հայ on 2nd September 2026
Օգոստոսի 28-29-ին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը, որին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ազգային պարային համույթները։
Բացման հանդիսավոր արարղությունը տեղի է ունեցել Մեղրիի մարզամշակութային կենտրոնում: Մասնակից համույթները ներկայացրել են իրենց երկրների ազգային պարարվեստը:
Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագիրն անցկացվել է Մեղրիի Փոքր թաղում՝ բացօթյա ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում ներկայացված պարային համարներն արտացոլեցին մասնակից ժողովուրդների ազգային մշակույթի հարուստ բազմազանությունը՝ յուրաքանչյուր համույթի ելույթում բացահայտելով տվյալ երկրի պարարվեստին բնորոշ ոճը, շարժումների լեզուն, երաժշտությունն ու ազգային տարազների գունեղությունը։
Համերգներին զուգահեռ անցկացվել է նաև Մեղրիի տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել են ազգային պարերի դասեր, ազգային խաղեր և ժողովրդական արհեստների վարպետաց դասեր:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև Մեղրիի պատմամշակութային միջավայրին, տեղական ավանդույթներին և համայնքի մշակութային կյանքին։
«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնն անցկացվել է «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ազգային պարի միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների փոխադարձ ճանաչմանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը։