Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ոսկյա զարդեր, մետաղադրամներ և այլ գտածոներ

Written by on 27th October 2026

Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցը քարաշար դամբարանախուց է՝ շրջապատված կրոմլեխով, որի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Տուֆի և բազալտի քարերով շարված կառույցի կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան /դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ/։

Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։ 2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։ Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում, բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։

Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։

Հայտնաբերված նյութերը վերականգնումից հետո ցուցադրվելու են Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background