Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը գրչակիցներն ու նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ դրեցին գրողի շիրիմին
Written by Ռադիո Հայ on 13th February 2019
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:
«Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է ընկալել. կարող են լինել բազմահատոր գործեր, բայց անկարևոր բովանդակային իմաստով, այնինչ Մաթևոսյանի ստեղծած ամեն մի ակնարկ անգամ, փոքր մի էսսե հսկայական խորություն ունի: Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանիխոսքով` Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները շատ խորն են ու բազմաշերտ: «Եթե ընթերցասեր ժամանակներում մենք լիովին չընկալեցինք Մաթևոսյանին, ապա այսօր նա ավելի է հեռացել մեզանից: Մեր ժամանակները մակերեսի ժամանակներ են, դյուրամարս երևույթների ժամանակներ են: Մենք չհասկացանք ու չգիտակցեցինք, թե ինչպիսի լեգենդ ունենք»,-ընդգծեց Վարդանյանը:
Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանն անդրադարձավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին և ասաց, որ կենտրոնի բարելավման վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվել: «Շինարարությունը վատ վիճակում է: Մեր հիմնադրամն իր սուղ միջոցներն է հատկացնում կենտրոնի կոմունալ ծախսերին և պահակների գումարը վճարելուն: Հաջորդ տարի Մաթևոսյանի 85-ամյակն է, և մեր կառավարության, երկրի, ժողովրդի պատվի հարցն է պահպանել նրա ժառանգությունը»,- եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը:
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: