Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
Written by Ռադիո Հայ on 8th March 2019
Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջից։
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։
«Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» բեմադրության հեղինակը (համահեղինակ՝ Սառա Նալբանդյան), բեմադրիչն ու դերակատարը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է: Այս բեմադրությամբ պատերազմ վերապրած փոքրիկ Նարինեն՝ Նարինկան, ներկայացնում է իր մանկության պատմությունը՝ զուգորդելով Արցախյան պատերազմի հետ:
2017-ին ներկայացումը Լիտվայում «Atspindys» 12-րդ միջազգային թատերական փառատոնին արժանացել էր Գրան պրի մրցանակի:
Լուսանկարները՝ «ԱՐՄՄՈՆՈ»-ի ֆեյսբուքյան էջից։
Աղբյուր՝ Panorama.am