Սրբուկ — Walking Out | Armenia | Eurovision 2019
Written by Ռադիո Հայ on 10th March 2019
«Եվրատեսիլ» ասելիս բոլորս ոգևորովում ենք, ուրախանում ու անհանգստանում՝ արդյո՞ք լավ երգ կունենանք, տեսահոլովակը հետաքրքիր կլինի՞․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ ուզում ենք լինի կատարյալ։ Հաջողվե՞ց Սրբուկին ու նրա թիմին հասնել այդ կատարելությանը։ Մենք ասում ենք՝ ԱՅՈ։
Ինչպես և խոստացել էին, «Walking Out» երգն ու տեսահոլովակը թողարկվեցին այսօր՝ մարտի 10-ին ժամը 21:45-ին։
Մարտական տրամադրվածությամբ այս երգը բոլորիս ինքնավստահության ու պայքարելու կոչեր է անում։ Ավելի տպավորիչ են կրկներգի հետևյալ տողերը (որոնք երգչուհին կիսվել էր սոց․ ցանցերում)․
You’re no more a king ‘cuz I was your crown.
Դու այլևս թագավոր չես, քանի որ ես էի քո թագը։
Երգչուհին իրոք խաղ չի անում և բարձրացնում է շատ արդիական խնդիր՝ կանանց դեմ բռնությունն ու ծաղրը։ Նա «Դուրս է քայլում» («Walking Out») այն աշխարհից, ասելով՝ Can you function on your own? (Արդյո՞ք կարող ես ինքնուրույն գործել)։
Խոսքերի հեղինակը բոլորիս հայտնի Գարիկ Պապոյանն է։
Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն յուրաքանչյուր կրկներգին աճում է, ունի բարձրակետ, որտեղ էլ փոխվում է տոնայնությունն ու ավարտվում Սրբուկի հզոր վոկալով։
Բիթը թարմ է, բավական ծանր, ասես՝ յուրաքանչյուր հարվածից հետո հետք թողնի ականջներում։ Կրկներգի ժամանակ հնչող էլեկտրոկիթառն էլ բարձրացնում է անհանգստությունը, օգնում ավելի լուրջ վերաբերվել երգին, իսկ այ շեփորները փշաքաղեցնում են։
Գործիքավորումը բազմաշերտ է, ինչը երբեմն թույլ չի տալիս հստակ տարբերակել օգտագործված լարային գործիքների մեջ բացի կիթառից, դաշնամուրից քանոն նույնպես կա, թե ոչ։ Սակայն ըստ հավաստի տեղեկության՝ երգում չի օգտագործվել ոչ մի ազգային տարր, ուստի մեր տեսությունն ընդամենը սեփական փորձի վրա է հիմնված։
Երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը և tokionine-ը։
Ձայնային մշակումը կատարել է ազգությամբ հայ պրոդյուսեր George Brainshaker-ը։ Նրա առավել հայտնի աշխատանքներից մեկը Արտեմ Վալտերի «Վառումա» երգն է։
Այսքանը երգի մեղեդային և լիրիկական մասով։ Շուտով կհրապարակենք նաև տեսահոլովակի վերլուծությունը։
Այս տարվա «Եվրատեսիլը» տեղի կունենա Թել Ավիվում, մայիսի 14-ին, 16-ին և 18-ին։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան