Գարոլին Սեմերճեան «Նույնը նույնը չի» ցուցահանդես
Written by Ռադիո Հայ on 5th April 2019
Ապրիլի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» խորագրով առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գարոլինը Հայաստան է տեղափոխվել 2018 թվականի սեպտեմբերին և առանց զգալու իր կտավներում փոխել է գույներն ու տրամադրությունը։ Ուստի ցուցահանդեսը կարելի է բաժանել երկու մասի՝ գույների փսփոխությունից առաջ և հետո (բացից մուգ)։
— Փորձեցի մուգ գույների տակից լույս դուրս հանել. տրամադրությունը հանգիստ չէ։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, բայց նոր քաղաքին սովորելը մի քիչ բարդ է, չնայած ես վստահ եմ, որ նկարներիս միջի լույսը կարտահայտվի նաև իրական կյանքում։

CarSem-ը, ինչպես ինքն է ստորագրում իր գործերը, նախ և առաջ գունազարդիչ է։ Լինի ջրաներկով, պաստելով, ակրիլով թե յուղաներկով, նա ստեղծում է խիտ գունային համադրություններ՝ հակադրելով բաց ու մուգ երանգները։
Ցուցադրված աշխատանքները ստեղծված եմ նախորդ տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիսը։ Ըստ նկարչուհու՝ վերջին գործերում նա երևում է այնպիսին ինչպիսին կա, ինչպես նաև կարծում է, որ դրանցում ավելի շատ ուժ կա։

Գարոլինը կերպարվեստի բակալավրի աստիճան է ստացել Սիրիայում, և իր ուսումը նկարչության ոլորտում շարունակում է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում։ Հայաստանում և արտերկրում ուսանելու տարբերությունների մասին Գարոլինն ասաց.
— Չորս տարի Սիրիայում սովորելուց և երկու տարի Լիբանանում աշխատելուց հետո Ակադեմիայում ավելի քիչ ազատություն կա։ Շատ խնդիրներ ունեցա իրենց հրահանգների հետ, թե ինչպես պետք է նկարեմ։ Սովոր չեն աբստրակտը տեսնելուն, բայց այնուամենայնիվ ակադեմիայում լավ է։
Նրա գործերը ցուցադրվել են Դամասկոսի և Բեյրութի բազմաթիվ պատկերասրահներում և թանգարաններում՝ Fateh Moudarres Atelier-ից մինչև Musée Emmanuel Paul Guiragossian։

Առաջին հայացքից կտավի վրա անհանգիստ վրձնահարվածներ են թվում, բայց ևս մեկ հայացք գցելով նկարին՝ կարելի է գտնել հեգնական հերոսին՝ մուկ, ընձուղտ, գորիլա, երեխա։ Այս զվարճալի հերոսներն ապրում են սարսափելի տեսարաններում․ դրանց նայելով անհնարին է չմտածել այն մասին, թե ինչպես են անհեթեթությունը, դրաման և հույսը հյուսված ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակի հետ։ Ինչն էլ որ հանդիսանա Գարոլինի ոգեշնչման աղբյուրը, անկասկած կարելի է ասել, որ նրա աշխատանքներն իր իսկ կերպարի արտացոլումն են, ում վառ ոգին ու սրամիտ հումորը իրական են, ուրախ, և որ ամենակարևորն է՝ վարակիչ
Ցուցահանդեսն իրականացավ ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շրջանակներում։
Աղբյուր՝ News1Dram