Ռուզան Սարյանը՝ վարպետի անհետացած աշխատանքի մասին

Written by on 10th April 2019

ՀՀ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ տարածեց հաղորդագրության, որի համաձայն «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում է նաև Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը:

Panorama.am-ը հետաքրքրվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանից, թե խոսքը ի՞նչ կտավի մասին է, երբևէ տեսե՞լ է այն, պատկերացում կա, թե որտե՞ղ կարող է այն գտնվել։

«Այդ նկարը ես չեմ տեսել, մինչև վերջերս դրա գոյություն մասին լուր չունեինք։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչի մասին է խոսքը, պարզվեց. 1965 թվականին Հայֆիլհարմանիայի փոքր դահլիճի համար Սարյանի էսքիզով արվել է եռամաս վիտրաժ։  Հենց այդ գործը, որի մասին նշվում  է հաղորդագրությունում, այդ վիտրաժի էսքիզն է։ Մեծադիր էսքիզ է, վերջնական տարբերակը։ Մեզ մոտ կա երկու էսքիզ, բայց փոքր մասշտաբի, իսկ վերջնականը մեծադիր է՝ բարձրությունը 4 մ 45 սմ է,  լայնությունը՝ 1 մ 70 սմ։ Այդպիսի երեք կտավ պետք է լիներ, սակայն պարզ չէ՝  երեքն էլ չկա՞ն, թե՞ մեկը կա, ո՞վ է գնահատել, ի՞նչ սկզբունքով է գնահատել, երե՞քը, թե՞ միայն մեկն է գնահատել, վերջին անգամ ո՞վ է տեսել։ Անհասկանալի է։ Այդ տեղեկատվությունը կիսատ-պռատ է»,- ասաց Ռ. Սարյանը։

Նա պատմեց, որ 2004 թվականին մշակույթի նախարարության թանգարանների գծով պատասխանատուն իրեն հրավիրել է իր մոտ, ասել, որ «Ցուցահանդեսային կենտրոնը» վատ վիճակում է, կան նկարներ, որոնք պետք է փրկել, այդ թվում նաև Սարյանի գործերից։ Թղթերը ձևակերպվել են, նկարը փոխանցվել է Սարյանի տուն-թանգարան։

«Երբ 2004 թվականին այդ նկարը «Ցուցահանդեսային կենտրոնից» վերցնում էի, Սարյանի աշխատանքներ այլևս չկային։ Եթե կորած է կամ գողացված է այդ աշխատանքը, 1990-ական թվականների է եղել»,- ասաց նա։

Ռ. Սարյանի ներկայացմամբ, կենտրոնի վիճակը շատ ահավոր էր՝  խոնավ, բորբոս, կեղտոտ, առնետներ։

«Ինչպե՞ս կարող էր այդտեղ արվեստի գործ պահվել, մանավանդ պահպանվել։ Եթե փրկվել է, առնետները չեն քրքրել, չեն ոչնչացրել, ինչ-որ մի տեղ կա և  ուշ թե շուտ կգտնվի, ավելի ուրախ կլինեմ այդ տարբերակին, քան եթե իմանանք, որ Սարյանի մոնումենտալ արվեստի նմուշն այլևս կորած արվեստի գործ է, այլևս չկա»,- նշեց տուն-թանգարանի տնօրենը։

Նա կրկնեց, որ, իր կարծիքով, ինչ եղել է, եղել է 1990-ականներին. «Չգիտեմ՝ հնարավոր է այդ ամենը մինչև վերջ բացահայտել, շատ մարդիկ արդեն ողջ չեն»։

Հարցին, արդյո՞ք խոսել է դատախազության հետ ավելի հստակ տեղեկատվություն ունենալու համար, Ռ. Սարյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ խոսել, քանի որ ոչ հրավիրել են, ոչ հարցրել են»։

Ինչպե՞ս էին նկարները հավաքվում «Ցուցահանդեսային կենտրոնում»։  Սարյանի տուն-թանգարանի տնօրենը պատմեց. «Ես հին պատմությունը գիտեմ։ Երբ դեռ Գաբրիել Գյուրջյանը ստեղծել էր շրջիկ ցուցահանդեսների կենտրոնը, նկարիչները հավաքվում էին, գնում տարբեր տեղեր նկարում։ Կանոնադրության համաձայն՝ մի նկար անհայտուց տրվում էր  այդ շրջիկ ցուցահանդեսային կենտրոնին։ Դա մնում էր որպես իրենց ֆոնդ։ Հետագայում պրակտիկա կար՝ այդ ֆոնդից նկարներ էր տրվում պիոներ պալատին, հյուրանոցներին, տարբեր հիմնարկություններին, որ ներկայացված լինեն արվեստի գործեր։ Ավելի ուշ, թե ինչ կանոնադրություն կար, դժվարանում եմ ասել»։

Նրա կարծիքով, այդտեղ հավաքվում էին նաև մաքսային մարմիններից կողմից առգրաված արվեստի գործերը. «Երբ որ սահմանը հատելուց մի մարդ ուզում էր դուրս տանել Սարյանի գրաֆիկական դիմանկարներից մեկը, մաքսայինը նկարը առգրավել էր։ Մշակույթի նախարարության որոշմամբ այն ի պահ էր տրվելու Սարյանի տուն-թանգարանում։ Այն փոխանցվեց Սարյանին թանգարանին, բայց Ցուցահանդեսային կենտրոնի միջոցով։ Այսինքն, երևի պրակտիկա կար, որ եթե առևգրավում էին, տրվում էր Ցուցահանդեսային կենտրոնին»։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background