Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է

Written by on 1st May 2019

Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Գրականագետ  Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է ու լուսանկար հրապարակել. «Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները բաժանվեցին: Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկում էին կոմպոզիտորի մարմինը ամփոփել ոչ թե Պանթեոնում, այլ քաղաքի կենտրոնում` հավանաբար նկատի ունենալով այն, որ, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված էր օպերային թատրոնի մերձակա պուրակում։

Ի վերջո նախընտրում են այս խնդրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն ուշադիր լսում է նրանց փաստարկները և ընդամենը մեկ նախադասություն է ասում.
— Գերեզմանատնից դուրս թաղում են միայն հանցագործներին ու ինքնասպաններին…
Արամ Խաչատրյանի մարմինը հողին հանձնվեց Պանթեոնում»:

Ա.Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Ապագա կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարան նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը:Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթանում է շատ հայ արվեստագետների հետ, խորանում են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրում է երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա» և այլն/:

1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը:

Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվում են, կատարվում` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվեց գերմանացի անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ: Առաջին սիմֆոնիան մասնագետների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երևույթներից էր:

Մեկ այլ նշանակալից իրադարձություն Արամ Խաչատրյանի կյանքում տեղի է ունեցել մինչ կոնսերվատորիան ավարտելը: Մյասկովսկու դասարանում նա հանդիպել է շնորհալի կոմպոզիտոր, դաշնակահարուհի Նինա Մակարովային: Նրանք ամուսանանում են, 1940 թվականին ծնվում է որդին` Կարենը, ով այժմ արվեստաբան է Մոսկվայում: Արամի առաջին ամուսնությունից ծնվել էր նրա դուստրը` Նունեն, ով դաշնակահարուհի է և դասավանդում է Գնեսինների անվ. ինստիտուտում:

Ա. Խաչատրյանը շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտում է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նվիրել է առաջին կատարողին` Լև Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղը գտավ խորհրդային և արտասահմանյան լավագույն դաշնակահարների երկացանկում: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացավ իր առաջին Պետական մրցանակը:

1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի « Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը /1939 թվականին գրված «Երջանկություն» բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվել է Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայանե» բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվել են Պետական մրցանակներ:

1944 թ-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:

Հետպատերազմյան տարիները նույնպես նշանավորվել են Ա. Խաչատրյանի ստեղծագործական խոշոր նվաճումներով: Սակայն 1948 թվականի փետրվարին Ա. Խաչատրյանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր են սկսվել: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ա. Խաչատրյանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու և այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրվել է «հակաժողովրդական, ֆորմալիստական» ուղղությանը պատկանելու մեջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանը մխիթարություն գտավ հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գյուղերը հեռավոր շրջանները` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները: Շուտով Կենտկոմը հայտարարել է, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճեպ և անարդար:

1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:

Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:

Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում:

Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST