Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

Written by on 3rd February 2020

Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ և այլն‚ բազմիցս հնչել են թե՜ Հայաստանում‚ թե՜ նրա սահմաններից դուրս։ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ Այս կոնցերտը «Նյու Յորք թայմսը» անվանել է հնչեղ ստեղծագործություն։

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Փետրվարի 8-ին՝ փառատոնի բացման երեկոյին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կկատարեն Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Հետագա համերգների ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի‚ Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտները։ Ջութակի կոնցերտը կներկայացնի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, իսկ Շեփորի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, միջազգային մրցույթի դափնեկիր Հայկ Գուրգենյանը։ Փառատոնը կեզրափակվի փետրվարի 25-ին։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակներում նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background