Համազգային թատրոնի բեմում կայացավ Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի հայկական պրեմիերան
Written by Ռադիո Հայ on 8th February 2021
Փետրվարի 6-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացման պրեմիերան:
«Ճախրող լամպն» իր պատմությամբ ու խնդիրներով, ըստ ներկայացման ռեժիսոր Մերի Մարգարյանի, մոտ է մեր հասարակության ապրումներին։
«Գործն ունի շատ ինքնակենսագրական տարրեր: Ամենակարեւորը՝ այն ընտանիքի մասին է: Ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում այն փաստին՝ արդյոք հանդիսատեսն ունի՞ տվյալ բեմադրության պահանջարկը, ու կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք կան մեր պիեսում, կան նաեւ մեր հասարակության մեջ, այդ պատճառով էլ հենց այս գործն է ընտրվել»․ Մերի Մարգարյան
Ներկայացման գլխավոր հերոսի կերպարում դերասան Նարեկ Բաղդասարյանն է.
«Մենք սովորություն ունենք, ուղղակի, ցանկանալ ինչ-որ բաներ, բայց սովոր չենք գործ անել: Իմ կերպարն այդ տեսակը չէ. նա սիրահարված է հրաշագործությանը, անընդհատ փորձում է կատարելագործվել, բայց մի փոքր վախվորած է: Այնուանենայնիվ, իր կամային հատկանիշներն ավելի ամուր են, քան, օրինակ, իր ծնողներինը եւ ներկայացման մյուս գործող կերպարներինը: Նրա միջոցով նրա մայրն էլ կարողանում է այդ «պատնեշը» կոտրել եւ դեպի լույս դուրս գալ»․ Նարեկ Բաղդասարյան
Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Փոլի մայրիկի դերում է.
«Հրաշալի է, որ մշակութային ակտիվ կյանք է սկսվել, որովհետեւ մշակութային «պատերազմն», իսկապես, «զինադադարի» իրավուք չունի: Պիեսի շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, հետո կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հետաձգվել, եւ պրեմիերան համընկել է Վուդի Ալենի 85-ամյակի հետ: Այս ներկայացումը մեր խաղացանկի մեջ շատ ուրույն տեղ ունի՝ շատ մոգական ու հետաքրքիր մթնոլորտ է ներկայացնում»․ Նարինե Գրիգորյանը
«Ճախրող լամպը» ներկայացման բեմադրիչը Անուշ Բաղդասարյանն է, երաժշտական ձեւավորումը կատարել է Նարեկ Բաղդասարյանը: Այն կներկայացվի նաեւ փետրվարի 14-ին եւ 27-ին: