Կայացավ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան
Written by Ռադիո Հայ on 11th March 2021
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Հիշեցնենք, որ ֆիլմն անցած տարի ընդգրկվել էր Կաննի միջազգային 73-րդ փառատոնի «The First Features» մրցութային ծրագրում, ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, պրոդյուսերը՝ Անի Որսկանյանը։ Ռեժիսորի այս աշխատանքը անկախությունից հետո Կաննում ներկայացված առաջին ֆիլմն է Հայաստանից։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2018 թ-ի ամռանը: Սյուժեի գլխավոր հերոսն ազգությամբ ֆրանսիացի Ալենն է։
Նա օդանավակայանների աուդիտոր է, որը ժամանում է Արցախի հանրապետություն, որպեսզի ուսումնասիրի, թե արդյոք Ստեփանակերտ քաղաքի նոր կառուցված օդանավակայանը համապատասխանո՞ւմ է վերաբացվելու համար նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: