«Պատերազմի աչքերը»․ կայացավ 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսը
Written by Ռադիո Հայ on 12th April 2021
Ապրիլի 8-ին Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Տեղեկանում ենք Համազգայինի Արցախի գրասենյակից։
Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: Ներկաներին իրենց սրտի խոսքը հղեցին լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը, Դավիթի լուսանկարներում պատկերված, զոհված հերոսներից մեկի՝ Կոլյա Նիկողոսյանի ծնողները:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 100 լուսանկար՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաև թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 18-ը:
Հաջորդ ցուցահանդեսը կկայանա Ստեփանակերտում: