«Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա
Written by Ռադիո Հայ on 5th May 2021
Օրերս «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»-ում տեղի է ունեցել կոլեգիալ փորձաքննություն Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության շուրջ։ Աշխատանքը ներկայացվելու է Պետական Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք հեղինակային հոբելյանական ցուցահանդեսին: Հայտնում են փորձագիտական կենտրոնից։
Թանգարանային այս նմուշն ունի նախապատմություն. 1995 թվականին գողացվել էր ռուս ականավոր գեղանկարչի վերոհիշյալ՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը, և դեպքից միայն 22 տարի անց, հայտնաբերվելով Ռուսաստանում և ծավալուն ու բարդ ռեստավրացիոն աշխատանքներից հետո, ի վերջո վերադարձվել Հայաստան՝ Ռուսական արվեստի թանգարան։
Աշխատանքը ստեղծվել է 1891-ին՝ Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուի՝ մասնավորապես “Դևը” պոեմի նկարազարդման համար։
Ռուսական սիմվոլիզմին վերագրվող՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության սյուժեն պոեմի վերջաբանը ներկայացնող նկարազարդումն է։ Ֆիգուրատիվ երկպլան հորինվածքի առաջին պլանում գլուխն ափերի մեջ առած դևի նստած ֆիգուրն է, իսկ խորքում՝ Թամարին գրկի մեջ առած հրեշտակի ողջ հասակով պատկերված թույլ նշմարելի կերպարանքը։ Ողջ հորինվածքը ներկայացված է միագույն գունաշարով, սակայն նրբերանգային հարուստ հնարքների կիրառմամբ։
Բացահայտելով պոեմի սյուժեն ոճական բազմաբնույթ արտահայտչամիջոցների շնորհիվ՝ շեշտադրվում են կերպարների հակադիր բնույթները. մուգ գունաշարով կառուցված է դևի հոգեկան տառապանքներն ու հակասական ապրումները ներկայացնող մարմնեղ ֆիգուրը, իսկ լույսով ողողված ետին պլանում հրեշտակի և Թամարի մեկ ամբողջություն դարձած խաղաղ ու անվրդով ՝ ընդհանուր ֆոնին գրեթե ձուլված, ապանյութական ու եթերային միաձույլ պատկերն է։
Ողջ հորինվածքը դրամատիկ հնչեղությամբ է՝ մեկնաբանված սիմվոլիստական խորհրդաբանության համատեքստում։