Այսօր Ռադիոյի օրն է
Written by Ռադիո Հայ on 7th May 2021
1895․ սա մարդկության պատմության ամենակարևոր թվականներից մեկն է։ Հենց այս թվականին առաջին անգամ՝ 1,5 կմ հեռավորության վրա հաղորդվեցին ռադիոազդանշաններ, այն իրականացվեց իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնիի կողմից։ Նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրեց իր հնարած ռադիոընդունիչը։
Այսօր Ռադիոյի օրն է։ Հաշվի առնելով ռադիոյի կարևոր դերը մշակույթի, քաղաքականության և առհասարակ մարդկանց կյանքում, այն 1945 թվականից դարձավ ամենամյա տոն։ Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ են հայտնվել առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։
Այժմ ռադիոն ամենուր է, մեր տանը, աշխատավայրում, մեքենաներում, սրճարաններում, նա մեզ հետ է օրը 24 ժամ։ Ուզում ենք շնորհավորել բոլոր այն մարդկանց, որոնք զգում են ռադիոյի զարկերակը։