«Ես այն եմ եղել…» – Արթուր Խաչենց
Written by Ռադիո Հայ on 25th May 2021
Նախօրեին Արթուր Խաչենցը, ով շատերին հայտնի է «Գինի լից» երգի կատարմամբ, որը պատերազմի օրերին մեծ տարածում գտավ, ներկայացրել է «Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը։ Խոսքերը Համո Սահյանինն են, երաժշտության հեղինակը հենց Արթուր Խաչենցն է։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի մշակութային քաղաքում՝ Գյումրիում։
Պրեմիերայի մասին զրուցել ենք երգչի հետ
«Ես այն եմ եղել…» երգի տեսահոլովակը Գյումրիում նկարահանելը ինչ-որ պատճա՞ռ ունի, թե՞ պատահական ընտրության արդյունք է։
Պետք է Արցախում նկարահանվեր, սակայն պատերազմը թույլ չտվեց։ Գյումրին նմանություններ ունի իմ հայր քաղաք Ստեփանակերտին իր արվեստով ու մարդկանց՝ պարզ, անկեղծ, շիտակ լինելիությամբ։
Համո Սահյանից արդեն երկրորդ ստեղծագործությունն եք ընտրել․ ի՞նչն է գրավել նրա աշխատանքներում։
Սահյանը համեստ է գրում, բայց շատ խորը, իմաստալից… Սահյանից էլի երգեր կլսեք, բայց մի քիչ բացեմ փակագծերը․ շուտով կլսեք աշխատանքներ նաև արևմտահայ բանաստեղծներից: Շուտ մոռացանք իրենց, չեմ ուզում ցեղասպանենք, թուրքի գործը շարունակենք նաև մեր պոեզիայի հետ։
Շարունակելո՞ւ եք հանդես գալ այս երաժշտական ոճում։
Այս պոեզիա-երաժշտական գիծը միշտ պահվելու է, բայց իհարկե ամբողջությամբ հեղինակային գործեր ևս կլինեն։
Եթե երկընտրանքի առաջ կանգնեք, ի՞նչը կընտրեք՝ լինել ոչ այնքան հայտնի երաժիշտ, ով կարևորում է որակը, թե՞ մեծ հայտնիություն վայելող կատարող, ում համար առաջնայինը շատերի կողմից սիրված լինելն է և գումար վաստակելը։
Կարծում եմ իմ աշխատանքներից արդեն իսկ պարզ է, որ ձգտումս հայտնիությունը չէ, ոչ էլ գումարի, առիթի կամ իվընթի համար եմ անում այս ամենը։ Ինձ համար առաջնայինը միշտ եղել են և անկախ ապագա ձեռքբերումներից կմնան գաղափարը և արժեքները։
Ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից մոտ ժամանակներս։
Առաջիկայում կլինեն հայրենասիրական երգերի շարասյուներ, որոնք սիրով կներակայացնենք մեր լսարանի դատին։
Կալիպսօ Սօսէ Ղանդիլյան