Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» ֆիլմի նկարահանումները
Written by Ռադիո Հայ on 7th September 2021
Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։
Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։
Ջեսիկա Վուդվորթը պատմում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել․ «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»։
Covid19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելը այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համարտադրողների ու կինոկենտրոնի ջանքերի արդյունքում հնարավոր եղավ Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած նրան, որ տեղանքների նկարահանումները տեղափոխվեցին Իտալիա, Հայաստանը շարունակեց կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։