Մեկնարկեց Երևանի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Written by on 4th October 2021

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։

18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմից զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել գերիներին։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին՝ փառատոնի մեկնարկի կապակցությամբ։ Նա առանձնահատուկ շեշտել է՝ փառատոնը կայանում է բավականին բարդ ժամանակներում և շնորհակալություն է հայտնել այն իրականացնող երիտասարդ թիմին, ով չի վախենում դժվարություններից։

Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի մյուս երկու համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին, և նրանք երեքով ազդարարել են փառատոնի մեկնարկը։

Իր խոսքի ընթացքում Հարություն Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսոր է և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնել է փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Բացման արարողության ընթացքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը տրվում է իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ իր մեջ է պարունակում պատերազմի նյարդը։

Ի դեպ, իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը նույնպես ներկա էր արարողությանը։ Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրել է բեմ և նրան հանձնել «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը։

Նադավ Լապիդը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background