Սպիտակ խաչ վանքը՝ ադրբեջանական քարոզչության թիրախում
Written by Ռադիո Հայ on 9th November 2021
Նոյեմբերի 5-ին ադրբեջանական կայքերից մեկի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու՝ Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք:
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆեյսբուքյան էջում նշվում է, որ համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:
Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով: Եվ գրեթե միշտ ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ասել է թե, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Ռոբերտ Մոբիլին հարցազրույցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալություն հայտնել շեհիդներին, իրենց «սրբազան վայրերը» ազատագրելու համար: Եթե Ռոբերտ Մոբիլին իրավամբ հոգևոր արժեքների կրող լիներ, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնա ադրբեջանական կրկեսի ծաղրածու:
Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը:
Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից:
Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին:
Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր պահպանված արձանագրություններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ:
Արցախի որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է հենց այստեղ: