Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Written by Ռադիո Հայ on 27th January 2022
«Մեր մանկության տանգոն», «Հին Օրերի Երգը», «Կտոր մը երկինք» հանրահայտ ֆիլմերի մասին լսելիս, ակամայից քթի տակ սկսում ենք հնչեցնել Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Այսօր հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում, Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 83 տարեկան։ Մանսուրյանը գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Հայ հայտնի կոմպոզիտորը գրել է «Ձյունե թագուհին» բալետը, սիմֆոնիկ երկեր, սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք, վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր», «Երկիի Նաիրի», «Գարնան երգեր», խմբերգեր, կինոնկարների և թատերական երաժշտություններ, որոնց թվում են՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» երաժշտություններ, թատերական՝ «Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն։ Նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում։