Կամերային երաժշտության տանը կհնչի Պերգոլեզիի ստեղծագործությունը
Written by Ռադիո Հայ on 14th April 2022
Ապրիլի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Համերգի ընթացքում կհնչեն նաև Դ. Հալաջյանի, Ջ. Տավեների, Տ. Մանսուրյանի, Ս. Բարբերի ստեղծագործությունները։
Ստեղծագործությունը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Տիրամայր Հայաստանի երգչախումբը (երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան)։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո) և Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Նշենք, որ Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է։ Այն բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է:
Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ: