Աշխարհահռչակ երգիչ Գարուն՝ հայկական արմատների մասին
Written by Ռադիո Հայ on 19th April 2022
Աշխարհահռչակ կանադացի երգիչ Պիեռ Գարուն երևանյան համերգից առաջ մեկնաբանել է իր հայկական ծագման մասին տեղեկությունը։ Նշենք, որ վիքիպեդիայում և այլ բաց աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում, որ երգչի իրական ազգանունը Գարանյան է, և նա ծնվել է կանադահայերի ընտանիքում։ Սակայն երգիչն ասել է, որ իր ամբողջական անունը Պիեռ Գարան է, որը Գարանյան ազգանվան հետ կապ չունի, և դրա կրճատ տարբերակը չէ։ Գարուն նշել է, որ նա Հայաստանին կապված է սրտով։
Երգիչը խոստովանել է, որ ուրախ է, որ արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան։ Նա մեծ ջերմությամբ է հիշում առաջին համերգային այցը, որը կատարել է մոտ 10 տարի առաջ։ Նշենք, որ երևանյան համերգների ժամանակ Գարուն ներկայացնելու է նաև ստեղծագործություններ՝ Ազնավուրի երգացանկից։ Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, թե պատրա՞ստ է իր երգացանկում ներառել այլ հայ կոմպոզիտորների և երաժիշտների գործեր, Գարուն ասել է, որ կցանկանար ավելի խորը ճանաչել հայկական երաժշտությունը և բաց է հայ երաժիշտների հետ համագործակցության համար։