Մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը

Written by on 6th June 2022

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Այսօր առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։ Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու են 19 թավջութակահարներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:

Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի բացման համերգը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը՝ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն՝ «Սպարտակ» բալետից, և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։

Խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից. հունիսի 7-ին և 8-ին կկայանա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, հունիսի 11-ին և 12-ին՝ երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության ընթացքում։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։

Նշենք, որ Խաչատրյանի անվան մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի» (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background