Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը
Written by Ռադիո Հայ on 4th August 2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։
Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտները. դաշնակահարներ՝ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ՝ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար՝ Շուֆեյ Յանը, թավջութակահարներ՝ Բրանոն Չոն, Սևակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ՝ Նոյեմի Գյորին, Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար՝ Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար՝ Ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաև Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգների ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։