Համբուրգի միջազգային կինոփառատոնում ընդգրկված է երկու հայկական ֆիլմ

Written by on 19th September 2022

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը կկայանա Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոնը: Տասը բաժիններում ցուցադրվելու են վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմեր ամբողջ աշխարհից, կայանալու են համաշխարհային պրեմիերաներ: Տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում ընդգրկված են «Ամերիկացի» (ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան, արտադրող ընկերություն՝ «PEOPLE OF AR Productions») և «Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան, արտադրող ընկերություն՝ «Բարս Մեդիա») ֆիլմերը։

«Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

«Ավրորայի լուսաբացը» 14 -ամյա Ավրորա Մարդիգանյանի մասին է, որը սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

 

 

 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background