«Այդ արարչագործ Քոչարը»․ ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված մեծ արվեստագետին
Written by Ռադիո Հայ on 20th September 2022
Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված են Երվանդ Քոչարի անցած ստեղծագործական ուղին, այդ ընթացքի կարևորագույն նվաճումների պատմությունը: Ցուցադրությունում ընդգրկված են նաև գլուխգործոց աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև մի քանի ստեղծագործություն՝ մասնավոր հավաքածուից:
Միջոցառման ընթացքում կայացել է «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված նյութերն առնչվում են արվեստագետի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին և դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Գրքի առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Փարիզի «Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի» գեղարվեստական արխիվի տնօրեն Իվ Շեվրըֆիս Դեբիոլը:
Ցուցահանդեսն ուղեկցվել է անիմացիաներով, բացառիկ լուսային և երաժշտական էֆեկտներով:
Ցուցահանդեսին և շնորհանդեսին ներկա են եղել հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին (նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը) և գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրըֆիս Դեբիոլը: